Աբսուրդի ժանրից․ Բաքվում բացատրում են ԿԽՄԿ փոխնախագահին՝ ինչպես մեկնել ԼՂ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, զինծառայողների, գերիների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաողովի նախագահ Ալի Նագիեւն ընդունել է ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի ղեկավարությամբ պատվիրակությանը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մարդասիրական առաքելությանն առնչվող հարցեր։ Գեներալ-գնդապետ Ալի Նագիեւը՝ անդրադառնալով առաջին եւ երկրորդ ղարաբաղյան պատերազմների ժամանակ Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների խնդրին՝ հույս է հայտնել, որ կարեւոր դեր կունենա այդ ուղղությամբ եւ մեծ ներդրում կկատարի։
«Ընդգծվել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող նոր իրողությունները՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերը Ադրբեջանի տարածքներ, որոնք ժամանակավոր գտնվում են ռուս խաղաղապահների հսկողության տակ, հնարավոր են միայն Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի տարածքով»,-փոխանցում են ԶԼՄ-ները։
«Ադրբեջանի տարածքներ, որոնք ժամանակավոր գտնվում են ռուս խաղաղապահների հսկողության տակ» արտահայտության տակ ենթադրվում է, ըստ ամենայնի, ԼՂՀ-ն, իսկ Ադրբեջանի տարածքով՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Հայաստանն ու ԼՂՀ-ն։