Թուրքիայի խորհրդարանում հայտարարել են, որ «ՆԱՏՕ-ի ներսում դավեր են նյութում ընդդեմ Անկարայի»
Թուրքիայի իշխող կոալիցիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին ՆԱՏՕ-ի երկրներին մեղադրել է հակաթուրքական դաշինք ստեղծելու համար, գրում է Hurriyet Daily news-ը:
«Հունաստանը ճակատ է ստեղծում Թուրքիայի դեմ՝ դաշինքներ կնքելով Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովում ... Արդյո՞ք այս համաձայնությունը (Ֆրանսիայի և Հունաստանի միջև 2021 թ. սեպտեմբերի 28-ին) չի՞ հակասում ՆԱՏՕ -ի սկզբունքներին»,-խորհրդարանում իր խմբակցության առջև ունեցած ելույթի ժամանակ ասել է Բահչելին:
Քաղաքական գործիչը նշել է նաև ԱՄՆ-ի և Հունաստանի միջև օրերս կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ նրանք պաշտպանական համագործակցությունը երկարաձգում են 5 տարով:
«Ես անկեղծորեն ասում եմ ձեզ. Թուրքիայի դեմ դավեր են նյութում ՆԱՏՕ-ի ներսում: Թուրքիային սպառնում են. ԱՄՆ պետքարտուղարը Հունաստանն անվանել է տարածաշրջանում կայունության հենարան: Հունաստանն ունի վատ համբավ և ճգնաժամային քաղաքականություն, որը պետք է շտկել և կարգի բերել ... Երբ մենք նայում ենք Ֆրանսիայի, Հունաստանի և Միացյալ Նահանգների հետ համաձայնագրերին, պարզ է դառնում, որ Աթենքի վարչակազմն էլ ավելի թշնամական քաղաքականություն է վարելու Էգեյան և Միջերկրական ծովերում»,-ասել է Բահչելին: