Հնդկաստանում ջրհեղեղների պատճառով զույգը ստիպված է եղել պսակադրությանը գնալ՝ ալյումինե մեծ կաթսայի մեջ նստած
Հնդկաստանում շարունակում են մոլեգնել տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ հեղեղներից ամենաշատը տուժած Կերալա նահանգում մի զույգ, փողոցների՝ ջրի տակ անցած լինելու պատճառով, ստիպված է եղել իր պսակադրության վայր հասնել՝ ահռելի կաթսայի մեջ նստած:
Համապատասխան տեսանյութը տարածվել է համացանցում: Դրանում երևում է, որ ապագա կինն ու ամուսինը նստած են ալյումինե կաթսայի մեջ, որը նավակի պես լողում է: Նրանց ուղեկցում է երկու մարդ, որոնք օգնում են կաթսայով առաջ գնալ և մի լուսանկարիչ:
Ըստ տեղեկության՝ զույգն այս կաթսան վերցրել է տեղի տաճարներից մեկից, քանի որ դա տեղ հասնելու միակ տարբերակն է եղել:
Նշվում է, որ Հնդկաստանում հեղեղների զոհերի թիվը հասել է առնվազն 27-ի: