Ախպերս տուն եկավ․ գերությունից քիչ առաջ վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը լուսանկար է հրապարակել
Գերությունից քիչ առաջ վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Ախպերս Տուն եկավ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։
Վերադարձած գերիներից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։
Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու՝ Հովսեփ Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29-ին։
Նշենք նաև, որ ավելի վաղ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնց թվում էր նաև այսօր վերադարձած Մելս Ամբարդարյանի եղբայրը, բազմաթիվ ակցիաներով և հայտարարություններով էին հանդես եկել, այդ թվում՝ անժամկետ նստացույցով՝ պահանջելով Կառավարությունից վերադարձնել գերիներին։