Թուրքիայում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների կոմիտեների հերթական նիստը
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել վրաց-թուրք-ադրբեջանական խորհրդարանների արտաքին հարաբերությունների կոմիտեների վեցերորդ ամենամյա նիստը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն դիմել է պատվիրակության անդամներին և անդրադարձել է տարածաշրջանում ընթացող գործընթացներին, անվտանգության մարտահրավերներին և դրանց լուծման գործընթացում երեք երկրների դերին: Այս առումով նա հատուկ ուշադրություն է դարձրել Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին, Ռուսաստանի ապակառուցողական գործողություններին, Սև ծովի անվտանգությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կարևորությանը` որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման միակ միջոց:
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր, ինչպիսիք են առևտուրը, էներգետիկան և ենթակառուցվածքները, մշակույթը, պաշտպանությունը, անվտանգությունը, շրջակա միջավայրը և մարդկանց միջև շփումները: Ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության կարեւորությունը և խորհրդարանական կապերի խորացման հնարավորությունները: Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև նոր մեխանիզմների և ձևաչափերի ստեղծման հարցը:
Կողմերը վերահաստատել են իրենց վճռական աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և պատրաստակամություն հայտնել հետագա քայլեր ձեռնարկել Սև ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության խթանման համար: