Կրիստիան Վիերի․ Շնորհավորում եմ Մոուրինյոյին, «Ռոման» գերազանց խաղաց
Իտալիայի հավաքականի, «Յուվենտուսի», «Միլանի», «Ինտերի», «Լացիոյի», «Ատալանտայի» նախկին ֆուտբոլիստ Կրիստիան Վիերին բարձր է գնահատել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի աշխատանքը «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում՝ մեկնաբանելով Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ռոմայի» 0։1 հաշվով պարտությունը Թուրինի «Յուվենտուսից»։
«Շատ հավանեցի «Ռոմայի» խաղը «Յուվենտուսի» հետ դիմակայությունում։ Շնորհավորում եմ Մոուրինյոյին։ Նրա թիմը գերիշխում էր եւ շատ լավ էր խաղում։ «Յուվենտուսը» ընդամենը մի քանի հակագրոհ կազմակերպեց։
3-4 ամիս հետո կտեսնենք, թե «Ռոման» որտեղ կլինի։ Մոուրինյոյի թիմը իսկապես գերազանց խաղաց»,- 48-ամյա Վիերիի խոսքը մեջբերում է Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն չէր կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Սեյվ էր կատարել «Յուվենտուսի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։ «Յուվենտուսի» գոլը խփել էր իտալացի հարձակվող Մոյզե Քինը։
«Ռոման» 15 միավորով չորրորդն է, «Յուվենտուսն» ունի 14 միավոր եւ 7-րդն է։ Հաջորդ տուրում «Ռոման» հոկտեմբերի 24-ին կընդունի «Նապոլիին»։