Երևանի Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը կբարեկարգվի
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ Մերգելյանի այգու դիմացի՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը սահմանազատվում է հետագայում բարեկարգվելու համար, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Տարիներ շարունակ այդ հատվածում ավտոմեքենաներ էին կայանում կամ գյուղմթերքի տոնավաճառներ կազմակերպվում: Որպես Մհեր Մկրտչյանի հրապարակ ճանաչելի դարձնելու և մշակութային անցուդարձի կենտրոնի վերածելու գործընթացը սկսվեց դեռ 2020 թվականին. շուկան տեղափոխվեց, տարածքն ազատվեց հակաէսթետիկ և հակասանիտարական վիճակից:
Արաբկիր վարչական շրջանը տեղեկացնում է, որ ավտոմեքենաների կայանումը կանխող արգելասյուների տեղադրումը մեկնարկն է այն մեծ աշխատանքի, որը նախատեսվում է հրապարակի հիմնանորոգման և իրական նպատակին ծառայեցնելու համար: Սա նաև սկիզբն է արաբկիրցիների համար երկար սպասված՝ Մերգելյանի այգու հիմնանորոգման աշխատանքների:Հրապարակն ունենալու է նաև ստորգետնյա կայանատեղի, և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պատրաստ է ընդունել և քննարկել մասնավոր հատվածի կողմից ներկայացվող՝ կայանատեղիի կառուցման հետ կապված ներդրումային առաջարկները: