Պուտինը խոսել է տարբեր ուղղություններով Հայաստանի հետ համագործակցության մասին
Ողջունելով հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի մասնակիցներին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա եւ դաշնակցային բնույթ ունեն: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
«Մեր պետությունների միջեւ հաստատվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցություն: Միջտարածաշրջանային համագործակցությունը շատ էական դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել փոխշահավետ ծրագրեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ շատ այլ ոլորտներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինը կարեւորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական եւ գործարար շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր եւ նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները: «Հուսով եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ֆորմատով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական բեղմնավոր գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,-ավելացրել է նա՝ հաջողություն մաղթելով ֆորումի մասնակիցներին,որն անցկացվում է Երևանում։