Ոչ թե ռազմանավ, այլ մոտորանավակ, ոչ թե Կասպիցում, այլ Պարսից ծոցում, ոչ թե 4000 հատ, այլ 340․ հայկական մեդիայի մոլորությունը (Տեսանյութեր)
Հոկտեմբերի 5-ին հայկական մեդիայում տեղեկություններ տարածվեցին Կասպից ծովում Իրանի նավատորմի կողմից անցկացվող վարժանքների մասին։ Yerkir.am կայքը, հղում անելով ռուսալեզու Военное обозрение տելեգրամյան ալիքին, գրեց, որ Իրանը Կասպից ծովի ափին գտնվող հենակետերից մեկում տեղակայել է իր «մոծակների նավատորմը»՝ մինչեւ 4000 արագընթաց նավ՝ ծանր գնդացիրներով: Գրում է fip.am-ը:
Նույն օրը 24TV-ի «4000 իրանական նավակներ պատրաստ են գրոհելու Կասպից ծովից» վերտառությամբ հրապարակված հարցազրույցի ժամանակ իրանական «նավատորմի» մասին խոսել էր ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«…հիմա չորս հազար (իրանական-խմբ.) նավակներ գրոհային, որ բավականին լուրջ ուժ ա, չորս հազար, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաստատեցին, էս պահին Կասպից ծովում ա, պատրաստ գրոհելու։ Չորս հազար, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թիվ ա»,- ասել էր Նահապետյանը (14:28-ից սկսած)։
Հարկ է նշել, «Փաստերի ստուգման հարթակին» չհաջողվեց գտնել ադրբեջանական որևէ պաշտոնական հայտարարություն կամ աղբյուր, որը կհաստատեր ռազմական փորձագետի պնդումները։
Նահապետյանի այս հայտարարությունը, սակայն, շատ արագ տարածվեց սունկ կայքերի կողմից։ Նման տեղեկություն հաղորդեց նաև «5-րդ ալիքը»՝ հոկտեմբերի 11-ի «Հայլուր» հաղորդման ժամանակ, որտեղ «նավակները» արդեն դարձել էին «ռազմանավեր»։
«Իրանը մեկ շաբաթ առաջ չորս հազար ռազմանավ դուրս բերեց Կասպից ծով ու սպառնաց Բաքվին, որ թիրախավորել է Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները»,- ասվում է «5-րդ ալիքի» ռեպորտաժում։
Մեզ չհաջողվեց այս տեղեկության սկզբնաղբյուր նշվող Военное обозрение տելեգրամյան ալիքում և նույնանուն հայտնի առցանց հրատարակության կայքում նման տեղեկություն գտնել։ Մինչդեռ, նույն անունը կրող Военное обозрение ֆեյսբուքյան էջում և որոշ տելեգրամյան ալիքներում, այնուամենայնիվ, նման տեղեկություն տարածվել էր՝ հոկտեմբերի 5-ին։ Հրապարակումներն ուղեկցվում էին կից տեսանյութով, որտեղ էլ հենց ենթադրաբար ներկայացվում էր Կասպից ծովում իրանական «մոծակների նավատորմը»։
Իրականում, սակայն, այդ տեսանյութը արվել է դեռևս 2021 թ. փետրվարին՝ Իրանի հարավում՝ Պարսից ծոցում գտնվող Բանդար Աբբասի նավահանգստում 340 մոտորանավ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շահագործմանը հանձնելու արարողության ժամանակ, և որևէ կապ չունի Կասպից ծովի հետ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: