Առուշանյանը բոլորին ջերմ բարևներ էր ուղարկում․ Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին. փաստաբան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ այցելել է իր պաշտպանյալ Առուշ Առուշանյանին և վերջինս իր շնորհակալությունն է հայտնում Գորիսի ժողովրդին՝ իրեն ընտրելու համար։
«Նա վստահ էր, որ հաղթելու է, քանի որ գորիսցին իր կողքին է գտնվում։ Պարոն Առուշանյանը բոլորին ջերմ բարևներ էր ուղարկում, մեծ շնորհակալություն էր հայտնում։ Նա ցանկանում է, որ բոլորը իմանան՝ սա հաղթանակի սկիզբն է։ Պարոն Առուշանյանը հենց դուրս եկավ, բոլորն են համոզվելու, որ այն, ինչ կատարվում է, օրենքի, իրավունքի հետ աղերս չունի։ Գորիսի ժողովուրդը շուտով դիմավորելու է իր նորընտիր քաղաքապետին»,-նշել է նա։
Նշենք, որ Առուշանյանը այժմ կալանքի տակ է և գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։