«Նայում եմ տղայիս աչքերին ու պատկերացնում ՝ ինչերի միջով է անցել»․ Նարեկը շրջափակումից հանել էր վիրավոր ընկերներին
18-ամյա Նարեկ Ավետիսյանը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Նա ծառայության էր անցել 2020 թվականի հուլիսի 30-ին Մարտունիում։
«Առաջին իսկ օրվանից մասնակցել է մարտական գործողությունների Ջրականում։ Իր մարտական ուղու մեջ նշված է, որ մարտի դաշտից բազմիցս դուրս է բերել վիրավորված կամ զոհված ընկերներին։ Վերջին անգամ հետը խոսել եմ հոկտեմբերի 7-ին։ Շատ ոգեշնչված ու մարտական էր խոսում՝ հաղթելու ենք, առաջ ենք գնում։ Կամ էլ գուցե ինքն էր մեզ խաբում՝ չեմ կարող ասել․․․»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Նարեկի հայրը Սուրեն Ավետիսյանը։
Պատերազմից մի քանի օր անց Նարեկն արդեն տեղափոխվել էր Հադրութ։ Նարեկն ընկերների հետ շրջափակման մեջ էր ընկել և զոհվել դիպուկահարի կրակոցից հոկտեմբերի 10-ին։
«Զոհվելու մանրամասների մասին գիտեմ իր հետ շրջափակման մեջ եղած տղաներից։ Գիտեմ, թե ոնց են իրենց լքել, թողել բախտի քմահաճույքին։ Իրենք կռվել են՝ չպատկերացնելով, որ կարող են պարտվել կամ որ իրենց վերջին արշալույսն է։ Գալիս եմ, նայում եմ տղայիս աչքերին ու պատկերացնում ՝ 15 օր ինչերի միջով է անցել՝ անքուն ու անդադար նահանջելով։ Տղաները կռվել են անձնվիրաբար, բայց դա չգնահատվեց։ Ինձ համար այս ամենը դավաճանության հետևանք է։ Դավաճանները, իմանալով, որ իրենք դավաճան են, թող հանգիստ չքնեն։ Մեկ է՝ մի օր պատասխան են տալու։ Ինձ համար գլխավոր դավաճանը նա, ով ինքն է խոստովանել, որ գլխավոր մեղավորն ինքն է։ Իրենք թող վախենան Աստծո պատժից»,- նշեց Սուրեն Ավետիսյանը։
Երկար ժամանակ որևէ հստակ տեղեկություն չունենալով Նարեկի մասին՝ ընտանիքի անդամները կարծել են, որ նա շրջափակման մեջ ընկնելուց հետո գերեվարվել է։ Նարեկի մարմինը Հադրութից դուրս են բերել դեկտեմբերին, հանձնել են ընտանիքին՝ ապրիլին։