Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիեւի մեղադրանքին
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կտրականապես հերքել է Իլհամ Ալիեւի մեղադրանքները, որ իրանական կողմը ներգրավված է Կովկասով թմրանյութի շրջանառությունը կազմակերպելու մեջ՝ կեղծիք անվանելով դրանք:
«Այդպիսի մեղադրանքները ծառայում են միայն սիոնիստական ռեժիմի շահերին, որպեսզի ազդեն Իրանի եւ Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների վրա»:
Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապեության առաջատար դերը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում՝ Խաթիբզադեն ընդգծել է, որ վերջին 40 տարվա ընթացքում այդ չարաբաստիկ երեւույթի դեմ պայքարի ընթացքում զոհվել են հազարավոր իրանցիներ: Նա ընդգծել է, որ Իրանի համառ ջանքերն այդ ուղղությամբ բազմիցս հաստատվել են համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից:
Ընդգծելով երկու երկրների միջեւ ամուր եղբայրական հարաբերությունները՝ իրանցի դիվանագետը հայտարարել է. «Ցավոք, չնայած մասնավոր եւ դրական ուղերձներին, որոնք ստացվել են Բաքվից տարբեր շփումների ընթացքում, Ադրբեջանը մտադիր է շարունակել անհիմն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար, որոնք Թեհրանը կարձագանքի համապատասխան կերպով»:
Ավելի վաղ Ալիեւոը հայտարարել էր, որ Ադրբեջանն «արգելապատնեշ է սահմանել Իրանից ավելի վաղ Հայաստանի կողմից վերահսկվող տարածքով թմրանյութերի շրջանառության երթուղու վրա»: