Մեծ Բրիտանիայում պատգամավորին դանակահարել են եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ. նա մահացել է
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Էմսը մահացել է դանակահարվելուց հետո:
Ինչպես գրում է The Guardian-ը, դեպքը տեղի է ունեցել Անգլիայի հարավում՝ մեթոդիստական եկեղեցում ընտրողների հետ հանդիպելու ժամանակ: Այս մասին ուրբաթ հայտնել է Էսեքս շրջանի ոստիկանությունը:
«Ցավոք, տղամարդը մահացել է», - ասվում է իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ:
Ոստիկանության ծառայողները պարզաբանել են, որ պատգամավորի վրա հարձակման համար կասկածվողը՝ 25-ամյա երիտասարդը, արդեն ձերբակալված է:
Ուրբաթ ավելի վաղ Էմսի քարտուղարությունը հաստատել էր 69-ամյա պատգամավորի վրա հարձակումը: Դեյվիդ Էմսը Բրիտանիայի խորհրդարանի անդամ էր 1983 թվականից: