Տպավորություն է՝ Աննա Դանիբեկյանն այսօրվա իշխանության կողմից ընտրվել է այս գործով որպես անփոխարինելի դատավոր. փաստաբան
Որևէ այլ կարծիք չի կարող լինել, որ ՀՀ դատական համակարգն այսօր ունի առողջացման անհրաժեշտություն: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նրա դիտարկմամբ՝ սահմանադրական այն դրույթը, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են դատարանները, և արդարադատության իրականացմանը որևէ խոչընդոտ չի կարող լինել, կարծես մնացել է միայն գրավոր փաստաթղթի վրա, բայց դե ֆակտո գոյություն չունի:
«Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են գործադիր իշխանության համապատասխան ներկայացուցիչներ որոշում, թե այս կամ այն գործով անձը պե՞տք է ձերբակալվի, թե՞ ոչ, ինչպիսի՞ խափանման միջոց պետք է ընտրվի: Այնպես չէ, որ ՀՀ դատական իշխանությունը մշտապես բացարձակ անկախ է եղել, միշտ եղել են խնդիրներ, բայց այն, ինչ տեսնում ենք գործող իշխանությունների ժամանակահատվածում, երբեք չի եղել»,-ասաց նա:
Ալեքսանյանն անդրադարձավ պատգամավոր Արմեն Գևորգյանին առնչվող գործին՝ հիշեցնելով, որ հրաժարվել է Գևորգյանի պաշտպանությունն իրականացնելուց, քանի որ գործով դատավոր Աննա Դանիբեկյանը, ըստ Ալեքսանյանի, Գևորգյանի և իր նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի:
Փաստաբանը հիշեցրեց՝ Գևորգյանը ԱԺ պատվիրակության կազմում պետք է մեկներ ԵԽ խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու, սակայն Դանիբեկյանը չի թույլատրել: Ըստ Ալեքսանյանի՝ այդպիսով Դանիբեկյանն ավելի շատ թշնամի երկրի շահն է ներկայացրել, քան ՀՀ-ի:
«Այդ ժամանակ ԱԺ-ն Արմեն գեւորգյանի հաշվին գումար էր փոխանցել կապված գործուղման հետ: Քանի որ նրա գործուղումը չէր ստացվել, այդ գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե, եւ տրամաբանական է, որ Արմեն Գեւորգյանի միջնորդությունը պետք է բավարարվեր: Այսինքն որոշակի չափով նրա գույքի վրա դրված արգելանքը պետք է վերացվեր եւ այդ գումարը վերադարձվեր: Այդ միջնորդությունը մերժվեց: Մենք նման դատավորի նկատմամբ կարո՞ղ ենք ունենալ վստահություն, Աննա Դանիբեկյանն անում է ամեն ինչ, որ վնաս հասցնի պետությանը: Այո, Աննա Դանիբեկյանն ունի հատուկ վերաբերմունք Արմեն Գեւորգյանի եւ իմ նկատմամբ: Միգուցե շատ սիրելուց է, չեմ կարող ասել: Նա այդ հատուկ վերաբերմունքը չի թաքցնում: Դրա պատասխանը կա: Հանրությունը տեղեկացված է, որ Աննա Դանիբեկյանը նիստերի մեկում հրապարակել էր Արմեն Գեւորգյանի տիկնոջը վերաբերող անձնական տվյալներ: Ես միջնորդել էի հետաձգել նիստը, քանի որ Արմեն Գեւորգյանի կինը վարակվել էր կորոնավիրուսով, եւ Արմեն Գեւորգյանը կոնտակտավոր էր: Ես խնդրել էի, որ այդ տվյալը չհրապարակվի, սակայն Աննա Դանիբեկյանը հրապարակեց այդ տեղեկությունը: Դա իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ: Մենք հիմա ունենք իրավական վեճ, ես բազմիցս ասել եմ, որ նա կտարել է հանցագործություն: Կարծում եմ՝ դրանից հետո Աննա Դանիբեկյանի վերաբերմունքը կտրուկ փոխվեց: Այո, ես այսօր ցանկանում են Աննա Դանիբեկյանին ենթարկել քրեական պատասխանատվության: Այնպիսի տպավորություն է, որ Դանիբեկյանն այսօրվա գործադիր և դատական իշխանությունների կողմից ընտրվել է այս գործով որպես անփոխարինելի դատավոր»,-ասաց նա:
Ալեքսանյանը հայտարարեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը իրեն ամեն ինչ է արգելում, ոչ միայն մեկնել այլ տեղանք, ոչ միայն որոշակի միջնորդություններ ներկայացնել, այլ անգամ արգելու է խոսել. «Մենք բազմիցս ականատես ենք եղել, որ նա արգելում էր ինձ հայտարարությամբ հանդես գալ, Արմեն Գեւորգյանին էր արգելում համապատասխան առարկություն, հայտարարություն ներկայացնել: Տիկին Դանիբեկյանը դա շարունակում է նաեւ Արմեն Գեւորգյանի նոր պաշտպանի՝ Լուսինե Սահակյանի նկատմամբ: Այն, ինչ իրականացնում է Աննա Դանիբեկյանը, ոչ միայն արդարադատություն չէ, այլև ուղղակի ոչինչ է»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով դատարաններում մակագրման համակարգի վերացմանը, նա նշեց. «Այդ համակարգիչը, որով իրականացվում էր մակագրությունները, առգրավվեց այն բանից հետո, երբ Սյունիքի համայնքապետերի գործերը մտան վերաքննիչ քրեական դատարան, երբ համայնքի ղեկավարները կալանավորվեցին եւ պաշտպանները ներկայացրին վերաքննիչ բողոքներ: Մակարգրություններն իրականացվեցին այնպես, ինչպես ցանկանում էր գործադիր իշխանությունը եւ արչդյունքում ոչ մի բողոք չբավարարվեց, եւ համայնքապետերը մնացին կալանքի տակ»,-ընդգծեց փաստաբանը: