Ադրբեջանական զինված ուժերն Արցախի Նոր Շեն գյուղի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներ էին կիրառել
Ինչպես երեկ տեղեկացրել էր ՄԻՊ Արման Թաթոյանը, Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից երեկ Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:
Ադրբեջանական զինված ուժերը Արցախի Նոր Շեն գյուղի ուղղությամբ կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Արցախի Պաշտպանության բանակից հերքել են ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմից զոհերի մասին շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, որ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ:
«Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել»,- նշել էր Թաթոյանը:
Հայկական միասնական տեղեկատվական հարթակն էլ տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ, եւ որ Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն։
Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: Այս մասին էլ հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն:
«Հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»,- նշված էր հաղորդագրությունում: