Որքա՞ն ժամանակ է պահպանվում COVID-19-ից ապաքինվածների իմունիտետը
COVID-19-ից ապաքինվածների արյան մեջ հակամարմինների մակարդակը նվազում է կես տարվա ընթացքում։ Այսպիսի եզրակացության է եկել գիտնականների խումբը Շվեդիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից և Չինաստանից։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով bioRxiv էլեկտրոնային գրադարանին, կես տարի հետո հակամարմինների ցուցանիշը մնում է կայուն մինչև 15-րդ ամիսը։
Հետազոտության հեղինակները հավաքել են 136 մարդու արյան 190 նմուշներ, որոնց մոտ COVID-19-ն ընթացել է թեթեւ կամ ծանր ձեւով։ Հակամարմինների ամենաբարձր ցուցանիշը հայտնաբերվում էր վարակվելուց հետո 5-28-րդ օրը, ինչից հետո IgG հակամարմինների եւ հակամարմիններով պլազմայի իմունային պատասխանը վարակին աստիճանաբար նվազում էր ժամանակի ընթացքում եւ հավասարվում կես տարուց հետո։
Գիտնականների խոսքով՝ հակավիրուսային իմունիտետը, հատկապես հիշողության B-բջիջներինը, կորոնավիրուսից ապաքինվածների մոտ պահպանվում է երկար ժամանակ։ Բայց որոշ շտամներ, օրինակ՝ «դելտան», կարողանում են շրջանցել հակամարմինների չեզոքացնող ազդեցությունը պլազմայում, եւ դա շատ կարեւոր է նկատի ունենալ։