Ավստրալիան կկառուցի լուսնագնաց, որը կօգնի ՆԱՍԱ-ին Լուսնի վրա թթվածին գտնել
Ավստրալիան համաձայնել է կառուցել 20 կգ-անոց կիսաինքնավար լուսնագնաց, որը ՆԱՍԱ-ն արդեն 2026 թվականին կարող է ուղարկել Լուսին՝ թթվածնի որոնման համար, հայտնում է AP-ն:
Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ լուսնագնացը օքսիդներ պարունակող հող կհավաքի, իսկ ՆԱՍԱ-ն սարքավորումների միջոցով այդ հողից թթվածինը կհանի: Լուսնի մակերեւույթից արդյունահանվող թթվածինը, ի վերջո, կօգտագործվի Լուսնի վրա մարդկային ներկայությունը պահպանելու եւ Մարս ապագա առաքելություններին աջակցելու համար:
Ավստրալիայի տիեզերական գործակալության պետի տեղակալ Էնթոնի Մերֆետն ասել է, որ ՆԱՍԱ-ն տպավորված է այն տեխնոլոգիայով, որն օգտագործվում է 1600 կիլոմետր հեռավորությունից հսկայական ինքնաթափ մեքենաների հեռակա վերահսկման համար, որոնք Ավստրալիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հանքերից երկաթահանք են տեղափոխում:
ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնն ասել է, որ համաձայնագիրը կամրապնդի հարաբերությունները Ավստրալիայի հետ ավելի քան 50 տարվա տիեզերական հետազոտությունների ընթացքում: