Ալիևը ռուս խաղաղապահներից պահանջում է «խոչընդոտել ԼՂ օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս խաղաղապահներից պահանջում է «խոչընդոտել ԼՂ օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը»։ Այս մասին նա ասել է իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։
Ալիևը գոհունակություն է հայտնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունից: «Պատերազմը ավարտվեց մոտ մեկ տարի առաջ, և ռուս խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանում՝ Ղարաբաղի տարածաշրջանում: Իրավիճակն այս ընթացքում կայուն է, բացառությամբ մի քանի աննշան միջադեպերի, և մենք ընդհանուր առմամբ գոհ ենք»,-ասել է նա։
Միաժամանակ, Ալիևը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կկանխի օտարերկրյա քաղաքացիների անօրինական մուտքը Ղարաբաղ: «Մասնավորապես, հարց կա օտարերկրացիների մասին, ովքեր պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից՝ այցելելու ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,-ասել է Իլհամ Ալիևը:
«Մենք այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի իշխանություններին և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նման դեպքերին վերջ տրվի: Այս և մի շարք այլ խնդիրներ պետք է լուծվեն: Սակայն այժմ մենք ընդհանուր առմամբ գոհ ենք խաղաղապահների աշխատանքից»,-շեշտել է Ալիևը։