Ռոման Ամոյան․ Այս ընկճված վիճակում նման փոքր հաղթանակը, կարծում եմ՝ մեծ նվաճում է մեր ազգի, երկրի համար
Այս պայմաններում, այս ընկճված վիճակում, նման փոքր հաղթանակը, կարծում եմ՝ մեծ նվաճում է մեր ազգի, երկրի համար:
Այսպես «Զվարթնոց» օդանավակայանում Մալխաս Ամոյանի հաղթանակն աշխարհի առաջնությունում բնութագրեց Պեկին-2008 բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը:
Նախորդ գիշեր աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանի հետ հայրենիք վերադարձավ նաեւ Ռոման Ամոյանը:
«Սպասում էինք, որ Մալխասը կնվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մարզումներից էլ զգացվում էր, որ նա պատրաստ է: Ինձ մոտ ինչ-որ չափով չի ստացվել այս նվաճմանը հասնել, իմ փոխարեն Մալխասը հասավ:
Նա Հայաստանի ամենաերիտասարդ հունահռոմեական ոճի աշխարհի չեմպիոնն է: Սա հաղթանակների սկիզբն է: Այս պայմաններում, ընկճված վիճակում, այս փոքր հաղթանակը մեծ նվաճում է մեր ազգի, երկրի համար:
Այժմ քննարկում ենք Մալխասի՝ օլիմպիական քաշ տեղափոխվելու հարցը: Մտադրություն ունենք քաշային կարգը փոխել 77 կգ: Դեռ սպասում ենք Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիայի (UWW) նոր որոշումներին: Խոսակցություններ կան, որ գուցե քաշային կարգեր փոխվեն: Եթե քաշային կարգերը փոխվեն, ըստ այդմ մենք էլ կփոխենք Մալխասի քաշը: Այժմ սպասում ենք»,- ասաց Ռոման Ամոյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 8 ըմբիշով մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց մեկ ոսկե մեդալ: Հոկտեմբերի 8-ին Հայաստանի համար ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 չեմպիոն, 22-ամյա Մալխաս Ամոյանը (72 կգ):