Մալխաս Ամոյան․ Մտադիր եմ փոխել քաշային կարգս եւ հաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում
72 կգ քաշային կարգում գերնպատակս աշխարհի չեմպիոն դառնալն էր: Հաջորդ նպատակս Օլիմպիական խաղերն են՝ Փարիզ-2024-ը, որի համար նախատեսում եմ փոխել քաշային կարգս: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանը, որը նախորդ գիշեր Ռոման Ամոյանի, հավաքականի մարզիչներ Էդուարդ Սահակյանի եւ Սամվել Գեւորգյանի հետ վերադարձավ հայրենիք:
«Աշխարհի առաջնությունում հաղթող ճանաչվելն իմ երազանքներից մեկն էր: Ամեն օր մարզումներից, քնից առաջ երազել եմ այս հաղթանակին հասնել, աշխարհի առաջնության հաղթող ճանաչվել: Աստված օգնեց, որ կարողացա նվաճել այս տիտղոսը:
Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, իմ անձնական մարզիչներին, ընկերներին կողքիս լինելու համար, նաեւ շնորհակալ եմ հայ եւ եզդի ազգին, որոնք ինձ աջակցում են: Նախորդ խոշոր մրցաշարերի եզրափակիչների պարտություններից հետո բազմաթիվ թերություններ շտկեցի: Կարծում եմ՝ եթե Եվրոպայի առաջնության, աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչներում չպարտվեի, գուցե աշխարհի առաջնությունում չհաղթեի: Այդ պարտությունները մեծ դասեր են եղել ինձ համար:
Աշխարհի առաջնությունից առաջ հորեղբորս՝ Ռոման Ամոյանին խոստացել էի, որ պետք է դառնամ աշխարհի չեմպիոն եւ մեդալը նրան նվիրեմ, որովհտեւ նրա մոտ չի ստացվել այդ մեդալը նվաճել, ասել, որ երկրորդը մեդալը եթե կարողանամ նվաճել, նոր իմը կհամարեմ: Արդեն նվիրել եմ նրան այդ մեդալը, բայց նա չի վերցնում:
Շատ ուրախացա, որ օդանավակայանում այսքան ինձ դիմավորող տեսա: Այստեղ են իմ հարազատները, ընկերները, իմ ժողովուրդը: Շնորհակալ եմ բոլորին: Այս ամենը մեզ մեծ ուժ է տալիս: Կփորձենք առաջիկա մրցաշարերում ամեն ինչ անել, որ Հայաստանի պատիվը շարունակենք բարձր պահել, որպեսզի լավ լինի:
72 կգ քաշային կարգում գերնպատակս աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելն էր: Հաջորդ նպատակս Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Ծրագրում եմ փոխել քաշային կարգս 77 կգ եւ ոչ միայն մասնակցել Օլիմպիական խաղերին, այլ նաեւ հաղթող ճանաչվել: Հանուն երազանքի պետք է շարունակել պայքարել: Ճիշտ է՝ դժվար կստացվի այլ քաշային կարգ տեղափոխվելը, բայց հեշտ ոչինչ չկա. պետք է պայքարել, կարողանալ մասնակցել եւ հաղթել: Նպատակս Փարիզ-2024-ն է. տեսնենք՝ ինչպես կստացվի»,- ասաց Մալխաս Ամոյանը:
Հոկտեմբերի 7-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 8 ըմբիշով մասնակցած Հայաստանի թիմը նվաճեց մեկ ոսկե մեդալ: Հոկտեմբերի 8-ին Հայաստանի համար ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 չեմպիոն, 22-ամյա Մալխաս Ամոյանը (72 կգ):