Իրանում լայնածավալ ՀՕՊ զորավարժություններ են մեկնարկում
Իրանի կենտրոնական անապատային տարածքներում հոկտեմբերի 12-ից մեկնարկում են հակաօդային պաշտպանության զորավարժություններ: Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա զորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը, զսպող ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին դիմակայելու տեղական ՀՕՊ համակարգերի գնահատմանը, էլեկտրոնային պատերազմի և կիբերհարձակումների դեմ գործողությունների իրականացմանը և բանակի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության և վերահսկողության կենտրոնների համակարգմանը:
Զորավարժությունների մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ, կիրականացնեն զգայուն կենտրոնները պաշտպանելու և օդային սպառնալիքներից, սմարթ զինատեսակներից, թևավոր հրթիռներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից և «ստելս» տեսակի ինքնաթիռներից պաշտպանվելու պրակտիկան կիրառելու մարտավարություններ, գործակալությանը հաղորդել է իրանցի հրամանատարներից մեկը:
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն ամեն տարի զորավարժություններ են անցկացնում երկրի օդային տարածքը պաշտպանելու կարողությունները բարձրացնելու նպատակով: