Պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին․ Կապառոս
Հոկտեմբերի 10-ին՝ Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Հայտնում է ՀՖՖ-ն։ Այն հարցին թե, ինչ տպավորություններ ունի Ռումինիայի հավաքականից Կապառոսը նշել է ․
«Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի կազմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։ Ես ինքս առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի ֆուտբոլիստների հետ Իսպանիայում, և կարող եմ ասել, որ հաճույք եմ ստացել։
Խաղի մեկնարկին դեռ 24 ժամ կա։ Մենք ֆուտբոլիստներին վերականգնվելու ժամանակ կտանք, և վաղն արդեն կորոշենք, թե ով կխաղա։ Մենք բավարարված չենք Իսլանդիայի դեմ հանդիպման արդյունքից, սակայն պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին։
Կարծում եմ, որ Ռումինիայի հավաքականի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը։ Նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղան, և դա ամենավտանգավորն է այս պարագայում»,- ասել է Խոակին Կապառոսը։
Հիշեցնենք, Ռումինիա-Հայաստան խաղը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 11-ին, և կմեկնարկի ժամը 22:45-ին