Ինչպե՞ս է Բաքվից ժամանած գնացքը հայ որբերին Էջմիածնից տեղափոխում այլ որբանոցներ
1894-1896 թվականներին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած կոտորածներից հետո բացվեցին որբանոցներ։ Արդեն իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո ավելի շատ որբանոցներ բացվեցին Արևելյան և Արևմտյան Հայաստաններում։ Միջազգային մի շարք կազմակերպությունների և երկրների կողմից ևս բացվեցին որբանոցներ, որտեղ աշխատանքներ էին կատարում օտարերկրացի միսիոներները։ 19-րդ դարավերջի և 1915 թվականի ցեղասպանությունից զատ, հայ որբերի թիվը զգալի ավելացավ արդեն իսկ Առաջին աշխարհամարտի տարիներին։ Աշխարհաքաղաքական իրադարձությունները ևս պատճառ դարձան, որպեսզի ավելանա հայ որբերի թիվը։
Իրավիճակը հատկապես քաոսային էր Հայոց ցեղասպանությունից հետո, երբ տեղահանվածներն ու որբերը հատկապես կենտրոնացան Արևելյան Հայաստանում։ Այդ շրջանի մասին հուշագրությունները, ինչպես նաև մամուլում տեղ գտած նյութերը կարդալով՝ հասկանալի է դառնում, թե ինչ ողբերգական վիճակում էր մեր երկիրը։ Մասնավորապես, տարբեր մարդկանց հուշերում հանդիպում ենք Երևանում մահամերձ լինող որբերին, որոնք մեռնում էին փողոցների և պատերի տակ։ Սովից զատ, նրանց մահվան պատճառ հանդիսացան նաև համաճարակներն ու հիվանդությունները։
Հետաքրքրական է, որ այդ շրջանում Երևանում թափառող անտուն, որբ երեխաներին անվանում էին խուժան։ Դա են վկայում 1917, 1920 և 1925 թվականների տարբեր թերթերում լույս տեսած հուշագրություն-հոդվածները։
Այս ամենից զատ, որբերի մասին հրատարակվում էին թերթեր, որտեղ մանրամասն ներկայացվում էր Հայաստանում գործող որբանոցների վիճակը, որբերի տեղաշարժը, մահացության դեպքերն ու այլ նորություններ։ Նմանատիպ բացառիկ թերթերից մեկը Բաքվում լույս տեսնող «Նուէր որբերուն» թերթն էր, որտեղ մանրամասն տպագրվում էին վիճակագրական տվյալներ որբերի մասին։ Թերթի համարներից մեկում մասնավորապես կարդում ենք․
«Բագուն եղաւ առաջինը, որ յատուկ սանիտարական գնացքով օգոստոսի 25-ին Էջմիածնից դուրս բերեց 400 որբեր, որոնցից 125-ը Թիֆլիսում թողեց, իսկ 275 Բագու հասան։ Այնուհետև Էջմիածինն աստիճանաբար դատարկուեց որբերից և միայն հիւանդները մնացին, որոնց տեղափոխելը անհնարին էր։ Տարաբախտ որբերի թուի մասին ճշգրիտ վիճակագրական տեղեկութիւններ դժուարանում ենք տալ, որովհետև նրանց թիւը շարունակ փոխւում է։ Ամեն կողմից դեռ շարունակում են նոր որբեր ուղարկել զանազան վայրերում հաստատուած որբանոցները։ Հէնց մի երկու շաբաթ առաջ Պարսկաստանում պատսպարուած տաճկահայերի միջից 140 որբ են բերել Ղարաքիլիսա, Դիլիջան և Սանահին։ Թէև ուշ, բայց և այնպէս տաճկահայ որբերի մեծամասնութեան խնամակալութեան գործը կարելի է որոշ չափով ապահոված համարել։
Հոկտեմբերին ժողոված տեղեկութիւնների հիման վրայ` ցուցակագրուած տաճկահայ որբերի թիւը 2848 հոգի է եղել` Թիֆլիսում 652 հոգի, որոնցից 135 հոգին հիւանդանոցներում և 100 հոգի էլ մասնաւոր տներում, Դիլիջանում 400 հոգի, գիւղերում և գաղթականների մօտ 100 հոգի, Էջմիածնում 50 հոգի, Երևանում 400 հոգի, Աշտարակում 250 հոգի, Կարսում 75 հոգի, Հին-Նախիջևանում 60 հոգի, Բագւում` որբանոցում 256 հոգի և որբանոցից դուրս 95 հոգի, Իգդիրում 140 հոգի, Գանձակում 79 հոգի, իսկ մնացածը զանազան վայրերում էին գտնւում, որոնք յարմարութիւն ստեղծուելուն պէս` պիտի ընդունեն որբանոցներում։ Յետոյ արդէն յայտնի եղաւ, որ Ղարաքիլիսայում Պետրօգրադի Հայկական Կոմիտէի նախաձեռնութեամբ որբանոց է բացուել 200 հոգու համար, նոյնպէս և Սանահին վանքում…։ Թէ լրագրական և թէ մասնաւոր աղբիւրներից ստացած տեղեկութիւններից պիտի ենթադրել, որ տաճկահայ որբերի թիւը անհամեմատ աւելի մեծ է և հեշտութեամբ կարող է հասնել 5000-6000 հոգու։
Եթէ ուշադրութեան առնենք, որ օգոստոս, սեպտեմբեր և յետագայ ամիսներին ընթացքում, երբ Իգդիրի, Էջմիածնի, Երևանի և այլ շրջաններում համաճարակ հիւանդութիւնները իրենց զարգացման գագաթնակէտին էին հասել և տաճկահայ փախստականների շարքերից 15000-ի չափ զոհեր են տարել, ապա ուրեմն բնաւ չափազանցութիւն չպիտի համարել, եթէ մեր որբերի թիւը 5-6000 ենք հաշւում»։
(Հատվածը վերցված է «Նուէր որբերուն» թերթից։ Բաքու, 1915 թվական», դեկտեմբերի 9-ի համար)։
Այն, որ առաջին հայացքից զարմանալի է, դա հոդվածում գրված առաջին նախադասություններն են, որտեղ նշվում է Բաքվից ուղարկված սանիտարական գնացքի մասին, որը որբերին տեղափոխում է մի շարք այլ որբանոցներ և այդկերպ թեթևացնում Էջմիածնի որբանոցը։ Դա տրամաբանական է, քանի որ Բաքվում տպագրվող թերթն առաջին հերթին պետք է ներկայացներ Բաքվի կատարած գործունեությունը, հետո նոր անդրադառնար մյուս տեղերում կատարվող դեպքերին։ Սակայն պետք է նշել, որ Հայաստանում և Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում բացված որբանոցներից զատ, երեխաների խնամքի և փրկության համար կենտրոններ բացվում էին նաև այլ երկրներում։ Մասնավորապես այդ երկրներից էին Սիրիան, Լիբանանը, Հունաստանը, Շվեյցարիան և այլն։
Շնորհիվ այդ երկրների և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների՝ շարունակեցին ապրել հազարավոր հայորդիներ, ովքեր թուրքական կոտորածներից մազապուրծ լինելով՝ կարողացան պահպանել իրենց գոյությունն ու դարձան ոչնչացված տոհմի նոր ծիլերը։ Այդ որբանոցներից հետագայում պետք է դուրս գային մի շարք հայ մեծ գրողներ ու արվեստագետներ, զորավարներ ու քաղաքական գործիչներ։ Նրանք տեր կանգնեցին իրենց պետությանը, պահեցին ու փոխանցեցին հետագայի սերունդներին։ Պետք է նշել նաև, որ որբանոցները վերջնականապես փակվեցին 1928 թվականին։