«Ավրորա» մրցանակի դափնեկիրը իր գումարի 25%-ը կնվիրաբերի արցախցիներին, իսկ հիմնադիրներն էլ կկրկնապատկեն այն` հասցնելով կես մլն դոլարի
Սուրբ Ղազար կղզում հնչել է սուրբ պատարագ` աշխարհի տարբեր անկյուններում կարիքի, ցավի և դժվարության մեջ հայտնված մարդկանց խաղաղություն և Աստծո ողորմություն շնորհելու համար:
«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունն այս տարի կայացավ Վենետիկում: Հավակնորդները հինգն էին, հինգ տարբեր ճակատագրեր, որոնք իրենց կյանքը վտանգելով, ժամանակի մասին մոռանալով, դիմացինին ձեռք են մեկնել ու փրկել:
Ժուլիան Լուսենգեն իր կյանքի 44 տարին նվիրել է Կոնգոյի կանանց խեղված ճակատագրերը փոխելուն: Քաղաքացիական պատերազմի ընթացքում նրանք դարձել են սարսափելի սեռական բռնության զոհ: Հազարավոր կանանց հուսահատ վիճակը Լուսենգեն հասցրել է մինչև ՄԱԿ ու ամեն ինչ արել հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նա դարձավ «Ավրորա 2021»-ի հաղթողը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետեւ դուք ապացուցեցիք, որ նույնիսկ անցնելով տառապանքի միջով՝ մենք կարող ենք բարի գործեր անել ուրիշների համար, որոնք տառապում են այս աշխարհում: Դուք ինձ փոխանցեցիք այն ուղերձը, որ նույնիսկ տառապանքի միջով կարելի է անցնել՝ լավ գործեր անելով: Մենք միշտ կարող ենք օգնել նրանց, ովքեր տառապում են: Շնորհակալություն»,- ասաց «Ավրորա» մրցանակի դափնեկիրը:
Սա օրինակ է, թե ինչ կարող է անել մեկ մարդը անհաղթահարելի թվացող պայմաններում: Ավրորան լույս ու հույս է տալիս շարունակել բարի գործ կատարել՝ անկախ իրավիճակից: Ժուլիան Լուսենգեն կստանա 1մլն դոլար, որ իր հիմնած «SOFEPADI» կազմակերպությամբ ծառայի կարիքավորներին, «Ավրորա»-ի առաջարկով գումարի 25% էլ կտրամադրի պատերազմի հետևանքով տուժած արցախցիներին: «Ավրորայի» համահիմնադիրներն էլ իրենց հերթին խոստացան կրկնապատկել այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 դոլարի:
«Շնորհիվ հարյուրավոր մարդկանց, որոնք արդեն միացել են մեզ, այն ազդեցությունը, որին կարողացել է հասնել «Ավրորա»-ն, բառացիորեն փոխում է աշխարհը: Մեզ համար պատիվ է ճանաչման արժանացնել Ջուլիեն Լուսենգեի նման հերոսների եւ կարողանալ ներկայացնել եւ խթանել նրանց աշխատանքը՝ ամբողջ աշխարհից մեր աջակիցների եւ նվիրատուների օգնությամբ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Noôdome» հարթակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Ավրորա» մրցանակն իր ստեղծման օրից փոխել է հակամարտություններից և մարդասիրական ճգնաժամերից տուժած ավելի քան 1.000.000 մարդու կյանք: