Թուրքիայում իշխող քաղաքական ուժի վարկանիշը նվազել է
Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնը հրապարակել է սեպտեմբերին արված սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) վարկանիշն իջել է հուլիսի համեմատությամբ։ ԱԶԿ-ն հուլիսին ունեցել է 36.1 տոկոս, իսկ սեպտեմբերին՝ 32.7 տոկոս վարկանիշ։ Իջել է նաև իշխող կոալիցիայի անդամ մյուս՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-AKP) վարկանիշը՝ հասնելով 8.9 տոկոսի։
Այդպիսով, իշխող կոալիցիայի՝ «Ժողովրդական» դաշինքի (Cumhur İttifakı) օգտին տրված ձայները սեպտեմբերին կազմել են 41.6 տոկոս՝ հուլիսի 45.4-ի փոխարեն։
Հարցումների արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի (Millet İttifakı) անդամ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ձաները ևս նվազել են՝ 25.6-ից դառնալով 24.8 տոկոս, սակայն դաշինքի մյուս՝ ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) վարկանիշը 15.7-ից բարձրացել է 19.3 տոկոսի։
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վարկանիշը նույնպես սեպտեմբերին աճել է հուլիս ամսի համեմատությամբ։ Հուլիսի 11.2 տոկոսի փոխարեն սեպտեմբերին այն կազմել է 11.7 տոկոս։
Նշենք, որ «Ժողովրդական դաշինքը» (Cumhur İttifakı) ստեղծվել է 2018 թ․ փետրվարին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի միջև։ Այն աստիճանաբար իր մեջ է համախմբել նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրման կողմնակից քաղաքական կուսակցություններին, ինչպիսիք են «Մեծ միասնություն» և «Կրկին բարօրություն» կուսակցությունները։ «Ժողովրդական» դաշինքն այս պահին Թուրքիայի մեջլիսում ունի 337 մադատ (ընդհանուր 600-ից)։ «Ժողովրդական» դաշինքի ընդդիմադիր «Ազգ» դաշինքը ստեղծվել է 2018 թ․ մայիսին ԺՀԿ-ի, «Լավ», «Երջանկություն» և «Ժողովրդավարական» կուսակցությունների մասնակցությամբ։