Արգելել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի մուտքը Վրաստան
«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանի մուտքը Վրաստան արգելել են:
«Վրաստանի իշխանությունները ոչ միայն հարկ չհամարեցին պատախանել, ես դիմել էի մշակույթի նախարարություն, քանի որ մշակությի վաստկավոր գործիչ եմ: Ես գնում էի մորս գերեզմանը սարքելու, թաղմանը պատերազմի պատճառով չեմ կարողացել մասնակցել, մինչեւ հիմա կորոնայի պատճառով ճանապարհները փակ էին: Եւ նրանք իմ հորդորներին, որ գոնե թույլ տային մամայիս տարելիցին մասնակցեի, որովհետեւ բոլոր բարեկամները հավաքվելու էին, նրանք ասացին, որ ոչ, չեմ կարող գնալ: Իմ համոզմամբ դա սրբապիղծ մի վարք էր, ոչ քրիստոնեավայել, ոչ մարդկային վերաբերմունք էր` արգելել մարդուն գնալ ծնողների գերեզմանին: Եւ տկար պետության վարք է, որովհետեւ եթե մշակույթի գործիչից են վախենում, հետաքրքիր է` ես ինչ պետք է անեի, որ էդպես վախենում էին: Ինձ համար անձնական ողբերգություն է, ես մինչեւ օրս չեմ կարողացել իմ խոնհարումս բերել մորս գերեզմանին»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գինոսյանը:
Մշակույթի գործիչը նշեց, որ մոտ 3 տասնյակ մարդ կա, որոնց մուտքը նույնպես արգելվել է Վրաստան, որոնք նույնպես ոչ հանցագործ են, ոչ էլ ինչ-որ վատ արարքներ են կատարել:
«Սա թուրքանպաստ քաղաքականություն է, չմոռանանք, որ պատերազմի օրերին թողնում էին թուրքական զենքը հասնի Ադրբեջան, իսկ հայերին ուղղվող հումանիտար օգնությունը խոչընդոտում էին, որ տեղ հասներ: Ես վրաց ժողովրդի դեմ ոչինչ չունեմ սակայն այս թուրքանպաստ քաղաքականությունը կոտրվելու է վրաց ժողովրդի կողքին»,-ասաց նա:
Գինոսյանը չի հասկանում, թե ինչու է մեր իշխանությունը լռում, սակայն այլեւս լռելու ոչինչ չկա. «Ճիշտ կլինի, որ ոչ միայն ես չլռեմ, այլ մեր իշխանությունը, որին քթից բռնած ման է տալիս վրաց իշխանությունը»:
Նշենք, որ Գագիկ Գինոսյանը Վրաստանի Ախալցխա քաղաքից է: