Թուրքիայում կալանավորների քանի՞ տոկոսն է քուրդ
Թուրքիայում գործող «KONDA» հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու այդ երկրում ձերբակալված և կալանավորված քաղաքացիների էթնիկ ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կետրոնն այդ ուսումնասիրությունն իրականացրել է մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) պատվերով։
Թուրքիայում մարդու իրավունքների ասոցիացիայի համանախագահ Օզթուրք Թյուրքդողանը, հղում անելով հետազոտության արդյունքներին, հայտնել է, որ այդ երկրում ձերբակալված քաղաքացիների 58 տոկոսը կազմում են թուրքերը, 35 տոկոսը` քրդերը, իսկ մնացած 7 տոկոսն արաբներն են և այլ ազգության ներկայացուցիչներ։
Թյուրքդողանի հաղորդմամբ՝ Թուրքիայում կալանավորվածների թիվն այլ պատկեր ունի. 47 տոկոսը թուրքերն են, իսկ 39 տոկոսը քրդերը։
«Հաշվի առնելով այն, որ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության 17 տոկոսը, ուշագրավ է, որ քրդերը նախկինում ձերբակալվածների 35, իսկ կալանավորվածների 39 տոկոսն են կազմում։ Ուղղակի նայելով այս հետազոտությանը՝ քրդական հարցն ասում է՝ «ես գոյություն ունեմ»»,-ասել է Թյուրքդողանը։