22 մլն դրամ՝ գյումրեցի 13 մարզիկի և 12 մարզչի պարգևատրման համար
2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին ընդունել ու պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Այս մասին հայտնում է Գյումրում համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Մինչ պարգևատրումը, Ռուբեն Սանոյանը ողջույնի ու շնորհակալության իր խոսքն է հղել ներկաներին, ապա նրանց փոխանցել նաև Սամվել Բալասանյանի ողջույնի ու շնորհակալությանը խոսքը, որում անդրադարձ էր կատարել նաև մեր մարզիկների հաջողություններին և ձեռքբերումներին:
Սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և Մեխակ Ղազարյանի անվան գավաթը կազմակերպելու համար պատվոգրերով են պարգևատրվել Գյումրի համայնքի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչ Հարությունյանը և նույն դպրոցի ուսմասվար Հովհաննես Խզեյանը:
Նշենք, որ պարգևատրվել է 13 մարզիկ և 12 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել էր մոտ 22 մլն դրամ: