ԱԱ. Արթուր Շահինյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 2018 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը երկու հաղթանակից հետո պարտվեց տուշեով:
87 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Դանիայի ներկայացուցիչ Տուրպան Բիսուլտանովի հետ եւ գոտեմարտի առաջին րոպեին պարտվեց տուշեով (0:5):
Գոտեմարտի առաջին վայրկյաններին դանիացի ըմբիշը նախ դուրս հրեց Շահինյանին աշխատանքային գոտուց եւ բացեց հաշիվը: Հայաստանի ներկայացուցիչը փորձեց հնարքի գնալ եւ գլորում կատարել, բայց ինքը հայտնվեց մրցակցի տակ եւ պարտվեց տուշեով:
Արթուր Շահինյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:1 հաշվով պարտության մատնեց լիտվացի Յուլիուս Մատուզեվիցիուսին։ 1/8 եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ մեքսիկացի Դանիել Վինսենտե Գոմեսի նկատմամբ (7:0):
Աշխարհ առաջնության երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած 2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստայնը (67կգ) որակավորման փուլում ֆրանսիացի Մամադասա Սիլլային հաղթելուց հետո(5:4), 1/8 եզրափակիչում պարտվեց սերբ Սեբաստիան Նադին (5:8):
Եթե սերբ ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Սլավիկ Գալստյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) որակավորման փուլում 3:3 հաշվով պարտվեց նորվեգացի Շտիգ Անդրե Բերգեին եւ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ նորվեգացի ըմբիշը պարտվել է 1/8 եզրափակիչում:
Երրորդ մրցումային օրվա երեկոյան մրցահերթում հոկտեմբերի 8-ին պայքարի մեջ մտած 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը(60 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար: Սպասվում է հայկական դիմակայություն. Գեւորգ Ղարիբյանի մրցակիցը աշխարհի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանն է: