ԱԱ. Գալստյանն ու Շահինյանը մեկնարկեցին հաղթանակով, Պողոսյանը պարտվեց, Օվասապյանը լքեց պայքարը
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը պայքարի մեջ մտան Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները:
Աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ), որակավորման փուլում մրցեց Ֆրասնիայի ներկայացուցիչ Մամադասա Սիլլայի հետ եւ հաղթեց 5:4 հաշվով:
1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանի մրցակիցը կլինի սերբ Սեբաստիան Նադը:
2018 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը (87 կգ) նույնպես մեկնարկեց հաղթանակով: Որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչը 5:1 հաշվով պարտության մատնեց լիտվացի Յուլիուս Մատուզեւիցիուսին։ 1/8 եզրափակիչում Արթուր Շահինյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Դանիել Վինսենտե Գոմեսը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), որակավորման փուլում 3:3 հաշվով պարտվեց նորվեգացի Շտիգ Անդրե Բերգեին: Առաջին մրցափուլում 3:0 հաղթելուց հետո, երկրորդ մրցափուլում նորվեգացի մրցակիցը հավասարեցրեց հաշիվը եւ հաղթեց վերջին միավորը վաստակելու առավելությամբ:
Հոկտեմբերի 8-ին պայքարի մեջ մտած Դավիթ Օվասապյանը (130 կգ) լքեց պայքարը:
Երկրորդ մրցումային օրը որակավորման փուլում Ճապոնիայի ներկայացուցիչ Արատա Սոդոնային 4:2 հաշվով հաղթելուց հետո, Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում պարտվել էր իրանցի Ալիակբար Հոսեյն Յուսուֆիամադչալինին (1:4): Իրանցի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ եւ Օվասապյանին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն տվել:
Առաջին սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց նորվեգացի Օսկար Մարվիկի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով: