Անքնությունից խուսափելու 6 կանոն
Պրոֆեսոր Ռիչարդ Բուտզինը, ով Արիզոնայում մասնագիտացել է քնի խնդիրների հարցում, առաջարկում է 6 կանոն, որոնք կօգնեն խուսափել անքնությունից:
1. Պառկել անհրաժեշտ է միայն այն ժամանակ, երբ զգում եք, որ ցանկանում եք քնել:
2. Որոշ մարդիկ սիրում են անկողնում հաց ուտել, գիրք կարդալ կամ հեռուստացույց դիտել: Սակայն, Բուտզինը կարծում է, որ դա սխալ է: Անկողինն անհրաժեշտ է օգտագործել միայն մի բանի համար՝ քնելու:
3. Եթե դուք չեք կարողանում քնել 10 րոպեի ընթացքում, ապա ավելի լավ է վեր կենաք անկողնուց և որևէ բանով զբաղվեք:
4. Նախորդ քայլն անհրաժեշտ է կրկնել այնքան ժամանակ, քանի դեռ քունը վրա չի հասել վայրկենապես:
5. Արթնացեք և անկողնուց վեր կացեք ամեն օր նույն ժամին: Դա օգնում է օրգանիզմին տրամադրվել բիոլոգիական հստակ ռիթմին:
6. Ոչ մի դեպքում չի կարելի ննջել օրվա ընթացքում, անգամ եթե շատ եք ցանկանում:
Ինչպես նշում է մասնագետը, պետք չէ փորձել քնել. պարզապես անհրաժեշտ է հանգիստ պառկել անկողնում և թուլացնել մկանները: