Միջադեպ Մոսկվայի մետրոյում. մեռնող, թե՞ ժայթքելիք հրաբուխ է Ռուսաստանը. 1in.am
Մոսկվայի Մետրոյում տեղի է ունեցել միջադեպ, որն աղմուկ է բարձրացրել գրեթե ամբողջ Ռուսաստանում: Երեք դաղստանցի դաժան ծեծի են ենթարկել ռուս երիտասարդի՝ Ռոման Կովալյովին: Իսկ դաժան ծեծի պատճառ եղել է այն, որ երիտասարդը փորձել է պաշտպանել մի երիտասարդ աղջկա, որի հասցեին վիրավորանքներ են ուղղել երեք դաղստանցիները: Նրանք ձերբակալված են, իսկ Կովալյովին՝ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Վաստրիկինը պարգևատրել է խիզախ կեցվածքի համար:
Կովալյովը հայտարարել է, որ մետրոյում բազմաթիվ մարդիկ կային, որոնցից ոչ ոք սակայն չի փորձել ազատել իրեն դաժան ծեծից: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ միջադեպը չի սրի Ռուսաստանում ազգամիջյան հարց, քանի որ խոսքը սրիկայության մասին է, որը չունի ազգություն: Պեսկովը անշուշտ իրավացի է սրիկայության՝ ազգություն չունենալու մասով, բայց ահա ազգամիջյան խնդրի մասով, թերևս իրավիճակը ավելի բարդ է, քան Պեսկովի գնահատականը: Թեև, Պեսկովն ինքն էլ երևի թե հիանալի պատկերացնում է այդ բարդությունը:
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցածը իր բնույթով և ծավալումով լինելով կենցաղային դրվագ, խորքում արտահայտում է ռուսական պետականության արդեն տարիներ ի վեր ծավալվող այսպես ասած էթնոքաղաքական-քաղաքակրթական ճգնաժամը: Մի բան, որը ուղիղ իմաստով կենսական նշանակության հարց է հայկական պետականության համար, հետևաբար պահանջում է չափազանց մանրակրկիտ և ուշադիր դիտարկում, թե ինչ է կատարվում ռուսական պետական, հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքի ներսում և այն ինչ արձագանքներ է ունենալու Ռուսաստանի ազդեցության գոտիներում: Տեղի ունեցածը իհարկե չի վերաճի ազգամիջյան բախումների, սակայն անխուսափելիորեն կտարածվի այսպես ասած «ներքին արյունահոսության» տրամաբանությամբ, ռուսական փաստացի կայսրության «տիտղոսային ազգի» ներսում առաջացնելով ավելի ու ավելի ուժգնացող «եռք»: Ինչպես, ինչ ուղղությամբ այն դուրս կգա և երբ, շատ բարդ է կանխատեսել և դրա համար թերևս հարկ կլինի իրականացնել ռուսական իրավիճակի շատ խորքային հետազոտություն, բայց այն կարծես թե դառնում է անխուսափելի, գումարվելով այն տնտեսա-քաղաքական խորքային խնդիրների վրա, որ ծավալվում են Ռուսաստանում զուգահեռաբար: Իսկ, եթե չկա այն «եռքը», ինչի մասին խոսեցի վերևում, ապա սա էլ իր հերթին նշանակում է, որ պարզապես «մեռնում» է «տիտղոսային ազգը» և ռուսական դե ֆակտո կայսրության «տիտղոսային ազգի» կարգավիճակին թերևս ժամանակի ընթացքում հավակնելու են այն միլիոնավոր մահմեդականները, այդ թվում դաղստանցիներ, որոնցով Ռուսաստանը ներսից քանդելու սպառնալիք էր հնչեցնում Էրդողանի խորհրդականը 2020 թվականի գարնանամուտին և մնում անպատասխան:
Աղբյուրը՝ 1in.am