Վարչապետն իրավապահ մարմիններին հրամայելու իրավունք չունի. մարդիկ պետք է վստահություն ունենան, որ պատվաստվեն. Ալավերդյան
Բառապաշարը, որը հատուկ է քաղաքացի Փաշինյանին, ոչ միայն հարիր չէ պաշտոնյայի համար, այլ ընդհանրապես դուրս է էթիկայի նորմերից. իրավական առումով դա ամբողջապես խախտում է իրավական մի քանի նորմեր՝ ընդհուպ պաշտոնական դիրքրի չարաշահում, հրահանգում եւ անկախության ու անաչառության սկզբունքների ամբողջական ոտնահարում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում վարչապետի կողմից կեղծ պատվաստումներ անողներին ձերբակալելու, կալանավորելու վերաբերյալ իրավապահ մարմինների ղեկավարներին տրված հրամաններին:
Ալավերդյանը պնդում է՝ որեւէ մեկը պետական որեւէ մարմնի, որը իրավական կամ դատաիրավական գործերով է զբաղվում, չի կարող հրահանգներ տալ, այնինչ դա տեղի է ունենում:
«Քաղաքական առումով դա անթաքույց փորձ է միապետության ամենատգեղ ձեւերը Հայաստան ներմուծելու համար: Անկախությունից ի վեր ժողովրդի եւ քաղաքացիական հասարակության ակտիվ մասը պայքարել է, որ մենք գնանք իրավական պետության կայացման ճանապարհով, եւ այդ ամենը հիմա ոտնատակ է արվում, ընդ որում՝ ցուցադրաբար՝ ուղղակի հակադրվելով թե՛ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին եւ թե՛ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին»,- նկատեց Ալավերդյանը:
Անդրադառնալով հարցին, թե որքանով է իրավաչափ պատվաստվելու կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ վճարովի հետազոտություն անցնելու կառավարության որոշումը, Ալավերդյանը նկատեց՝ պատվաստումը չպետք է պարտադրվի:
«Նախորդ տարվա հանրաքվեի քարոզարշավից սկսած՝ իշխանության հակասական վերաբերմունքը որեւէ հարգանք ու վստահություն իրենց ասածի եւ արածի հանդեպ չի ներշնչում: Պարզվեց, որ այդ պատվաստումն ու թեստավորումն այնպիսի բիզնեսի են վերածվել, որը պատիվ չի բերում պետությանն ու իշխանություններին: Պարտադիր եւ ստիպողական պատվաստումները բացարձակապես տարբեր բաներ են, եթե մարդը պատվաստվում է, բայց հոգեբանորեն համոզված չէ, որ դա պետք է անել, այդ դեպքում պատվաստումը ոչ միայն կարող է չօգնել, այլ նաեւ, գուցե, վնասվի: Պատվաստումը ոչ թե պետք է պարտադրվի, այլ խրախուսվի, պետք է մարդկանց մղեն դրան, հասարակությունն այնքան վստահություն պետք է տածի համավարակի դեմ պայքարի ոլորտում իշխանության կատարած քայլերի նկատմամբ, որ ինքնակամ գնա եւ պատվաստվի: Ափսոսում եմ, որ այս իշխանությունը կառավարումը պատկերացնում է միայն պատժամիջոցների, ճնշումների եւ պարտադրանքի ձեւով»- նկատեց Ալավերդյանը:
Ավելի հայտնել էինք, որ Առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված, բայց կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու հարցը: Ալավերդյանի համոզմամբ՝ սա անօգնական իշխանության հայտարարություն է:
«Նրանք հասկացել են, որ որեւէ վստահություն չունեն հասարակության կողմից այդ հարցում: Չի կարելի առեւտուրի վերածել պետական գործունեությունը, ոչ միայն իրավական, այլեւ բարոյական խնդիրներ են այստեղ առաջանում՝ ի՞նչ սպառնալիքներով են իշխանությունները հանդես գալիս: Ամեն ինչը չէ, որ արվում է նույն Առողջապահության նախարարության կողմից»,- շեշտեց Ալավերդյանը:
ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք. Վարչապետ