Թուրքիայում ստեղծել են կամիկաձե դրոն անօդաչու սարքերի դեմ պայքարի համար
Թուրքիայում աշխատում են կարեւոր օբյեկտները հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գրոհներից պաշտպանելու համակարգի ստեղծման շուրջ։ Համակարգի հիմքում Fedai դրոն կամիկաձեն է, որը ստեղծել են անօդաչուների դեմ պայքարի համար, տեղեկացնում է Daily Sabah-ը։
Անօդաչուներից պաշտպանության համակարգը Havelsan եւ Transvaro ընկերությունների համատեղ մշակումն է։ Հեռանկարային համալիրը նախատեսված է կարեւոր օբյեկտները օդային հարձակումից պաշտպանելու համար՝ դրոնների պարսի օգտագործմամբ։ Havelsan ընկերության ներկայացուցիչ Նեզիհ Շիշմանը նշել է, որ նոր համակարգն օգտագործում է արհեստական ինտելեկտը թիրախների հայտնաբերման եւ դասակարգման համար։
Նրա խոսքով՝ անօդաչու սարքերի մոտենալը պահպանվող գոտում կգրանցի ռադարը, որը թիրախի մասին տվյալները փոխանցում է էլեկտրաօպտիկական համալիրին։ Իր հերթին, համալիրը կարող է թիրախն ուղեկցել՝ մինչեւ Fedai անօդաչուն կպատրաստվի թռիչքի։
Սպառնալիքի չեզոքացումը տեղի է ունենում դրոն կամիկաձեի մարտագլխիկի ոչնչացման միջոցով, որն ընտրում է օպտիմալ վայրը դետոնացիայի համար՝ թիրախի վիզուալ սքանավորումից հետո։ Շիշմանը նշել է, որ Fedai մարտագլխիկի պայթյունը կխոցի թիրախը մինչեւ 40 մետր հեռավորությամբ։ Նրա խոսքով՝ համալիրի հնարավորությունների ցուցադրումը տեղի կունենա առաջիկա երկու ամսում։