Ռոբերտո Մարտինես․ Ֆրանսիայի հավաքականը 3 տարում ավելի է հզորացել
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Ֆրանսիայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում։
«Ցանկանում եմ հավատալ, որ աշխարհի առաջնությունից հետո անցած երեք տարում մենք դարձել ենք ավելի ուժեղ։ Հավաքական են եկել նոր խաղացողներ, որոնք ավելի լավ են իրար հասկանում։
Ֆրանսիան նույնպես ուժեղացել է ԱԱ-2018-ից հետո։ Նրանք ունեն երիտասարդ բարձրակարգ խաղացողներ։ Հավաքական է վերադարձել Բենզեման։ Մբապեն նույնպես երեք տարում առաջադիմել է։
Նրանք ամեն դիրքի համար ունեն երեք բարձրակարգ խաղացող։ Կարծում եմ՝ Դեշամը կհամաձայնի, որ Ֆրանսիան երեք տարում ավելի է հզորացել»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Բելգիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին Թուրինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի Իսպանիայի հետ, որը 2։1 հաշվով պարտության է մատնել Եվրոպայի չեմպիոն իտալացիներին։