Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ինչ ծրագրեր ունի «Հայաստան» դաշինքը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատերազմի մեկ տարվա տարելիցի կապակցությամբ «Հայաստան» դաշինքը սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում նախատեսել է թեմատիկ երեք ֆորում անցկացնել։
Մեր տեղեկություններով, առաջին ֆորումը նվիրված է լինելու «Պատերազմի պատճառներին», երկրորդը` «Արտաքին մեկուսացում, աշխարհաքաղաքական նոր միջավայր, մարտահրավերներ, միջազգային կառույցներ», իսկ երրորդը՝ «Քննիչ հանձնաժողովի անհրաժեշտություն, հետպատերազմյան ապաքինում․ սոցիալական, անվտանգային, հոգեբարոյական խնդիրներ» թեմաներին, որոնց հրավիրվելու են տարբեր փորձագետներ: Նախատեսվում է ուղիղ հեռարձակում կազմակերպել քննարկումներից: Իսկ ԱԺ-ում մտադիր են կազմակերպել «Տեղահանվածների խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Թե այս միջոցառումները կոնկրետ որ օրերին կկայանան, դաշինքից չասացին: Ըստ ամենայնի՝ մտահոգություն ունեն, որ իշխանությունները կխափանեն իրենց միջոցառումները։ Իսկ նոյեմբերի 11-ին «Հայաստան» դաշինքը նախատեսել է հանրահավաք կամ «այլ մասշտաբային» միջոցառում իրականացնել։ Այս ծրագրերը նախնական են, եւ հնարավոր է, որ դեռ փոփոխություններ կրեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։