Թինա Թըրներն ավելի քան 50 մլն դոլարով վաճառել է իր երգերի իրավունքները
Աշխարհահռչակ երգչուհի Թինա Թըրները վաճառել է իր երաժշտական կատալոգի իրավունքները, ներառյալ այնպիսի հիթերի, ինչպիսիք են The Best-ը և Nutbush City Limits-ը:
Ինչպես գրում է BBC-ն, աստղը գործարքը կնքել է BMG երաժշտական հրատարակչական ընկերության հետ: Գործարքը նաև ենթադրում է, որ BMG-ն իրավունքներ է ձեռք բերում Թըրների անվան, կերպարի, ինչպես նաև ապագա հովանավորչական և առևտրային գործարքների համար:
Ընկերությունը չի հայտնել, թե որքան է վճարել, սակայն ոլորտի աղբյուրները հայտնել են, որ խոսքը 50 մլն դոլարից բարձր գումարի մասին է:
Թըրներն ասել է, որ վստահ է, որ իր երաժշտությունը «հուսալի ձեռքերում է»: 81-ամյա երգչուհին փոփ երաժշտության պատմության ամենաճանաչելի աստղերից է: