«Սինոֆարմի» առկա քանակների որոշակի անբավարարություն կա. ԱՆ-ն բանակցում է պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ
Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից՝ արտադրական գործընթացներով: Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից՝ մեզ մոտ առկա է նաև Հայաստան ժամանող չվերթերի սակավություն՝ պայմանավորված COVID-19 համավարակով: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Նշվում է, որ Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, սակայն առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ:
Միաժամանակ, երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությունը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը: