Լավրով-Աբդոլլահիան բանակցությունների շրջանակում քննարկվել է Պուտինի և Ռայիսիի հանդիպման հարցը
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Լավրովն ու Աբդոլլահիանը Հարավային Կովկասում իրադրությունից բացի անդրադարձել են նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակին, Սիրիայի, Եմենի ճգնաժամերին, Աֆղանստանում ստեղծված իրադրությանը՝ հայտնում է ТАСС-ը: Մոսկվան և Թեհրանը Աֆղանստանի իշխանություններին կոչ են արել անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ և մտադիր են համակարգել ջանքերը աֆղանական կարգավորման ուղղությամբ:
Կողմերի միջև քննարկման կարևոր թեմաներից է եղել նաև Իրանի միջուկային գործարքը: Արտգործնախարարները կարևորել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք վերականգնման գործընթացն արագացնելու հնարավորությունը:
Լավրովն ու Աբդոլլահիանը պայմանավորվել են նաև Ռուսաստանի և Իրանի նախագահներ Պուտինի ու Ռայիսիի հանդիպման կազմակերպման առնչությամբ: Համաձայնություն է ձեռք բերվել Իրանում հնարավորինս շուտ սկսել ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրությունը: