ԱՄՆ-ն միջուկային մարտագլխիկների թիվը կրճատել Է՝ հասցնելով 3750-ի
ԱՄՆ-ն շարունակում Է աստիճանաբար կրճատել իր միջուկային մարտագլխիկների թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է Պետդեպարտամենտի հրապարակած վիճակագրությունը: 2020 թվականին Վաշինգտոնն ունեցել է 3750 մարտագլխիկ՝ 2019 թվականի 3805-ի և մեկ տարի առաջվա 3785-ի դիմաց:
Այդ թիվը չի հաշվառում շահագործումից դուրս եկածները և այն մարտալիցքերը, որոնք ոչնչացվելու են: Բացի այդ, անցյալ տարի Միացյալ Նահանգները ոչնչացրել է 184 հին մարտաբաղադրիչ: 2020 թվականի մակարդակը վերջին 60 տարվա ընթացքում ամենացածրն է եղել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրերի շնորհիվ: 1967 թվականին ԽՍՀՄ-ի հետ սառը պատերազմի լարվածակետում ԱՄՆ-ի ունեցած միջուկային մարտագլխիկների առավելագույն թիվը եղել է 31 255:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջեւ այժմ գործում է ՌՀՍ-3 (ռազմավարական հարձակողական սպառազինություն) համաձայնագիրը, որը ծավալված միջուկային մարտալիցքերի թիվը սահմանափակում է մինչև 1550-ը՝ յուրաքանչյուր կողմի համար, բայց Վաշինգտոնի դաշնակիցների սպառազինության միջուկային մարտագլխիկները համաձայնագիրը չի լիմիտավորում: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել Էր ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններում ներգրավել Չինաստանին, բայց Պեկինը հայտարարել է, որ դրանով չի հետաքրքրվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: