Միջուկային մարտագլխիկն Իրանին կտա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխելու հնարավորություն
Երբ Վաշինգտոնում վերջերս հանդիպեցին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը, պարզ դարձավ, որ նրանց քննարկման գլխավոր առարկան եղել է Իրանը:
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքի խոսքերով, հարկավոր է, որ կողմերը փակ դռների հետեւում գտնեն փակուղուց դուրս գալու ելքեր, միջուկային խնդիրը լուծելու եղանակներ:
Այն օրից ի վեր, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ը դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկային միջազգային գործարքից, Իրանը զարկ է տվել ուրանի հարստացման աշխատանքներին եւ արգելում է միջազգային դիտորդների մուտքը միջուկային իր հաստատություններ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետն, իր անհանգստությունն արտահայտելով այս հարցում, հայտարարեց, թե Իսրայելն ունի համբերության բաժակ, որը կարող է լցվել: ‘’Եթե այլ պետությունների համար այս հարցը կարեւոր չէ, ապա Իսրայելը չի կարող հանդուրժել, որ Իրանն ունենա միջուկային զենք’’, հայտարարեց նա:
ՄԱԿ-ի միջուկային հարցերով գործակալության տվյալներով, Իրանն ուրանն այսօր հարստացնում է մինչեւ 60 տոկոս: Սակայն մինչեւ 90 տոկոսի հարստացումն արձանագրելը դժվար գործընթաց է: Էհուդ Բարաքի խոսքերով, որը նաեւ եղել է Իսրայելի պաշտպանության նախարարը, ասում է, թե միջուկային զենք պատրաստելու համար 60-ից 90 տոկոսի անցումը շատ կարճ ժամանակ է պահանջում: ‘’Այն կարող է իրականացվել մեկուսացված մի վայրում, քաղաքացիական բնակչությամբ մի քանի տարբեր վայրերում, կամ էլ հին հանքերում’’: Նա կարծում է, որ այդ դեպքում Իրանը կկարողանա միջուկային մարտագլխիկներ տեղադրել իր հրթիռների վրա:
Անցած տարիների ընթացքում Իսրայելը դիվերսիոն մի քանի հարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային ծրագրի դեմ: Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է ռազմական հարված հասցնելու հնարավորության մասին: Սակայն նման որեւէ գործողություն կարող է իրականացվել միայն այլ տերությունների հետ համաձայնության դեպքում, ասում են փորձագետները:
‘’Իսրայելն ունի ԱՄՆ-ի ռազմավարական եւ լոգիստիկ աջակցության, եվրոպական երկրների քաղաքական աջակցության կարիքը’’, ասում է Իրանի հարցերով փորձագետ Մենաշե Ամիրը:
Եթե Իրանին ի վերջո հաջողվի ստանալ միջուկային զենք, ինչպես քաղաքական վերլուծաբաններն ու մի շարք երկրների առաջնորդներ են ասում, Թեհրանը կստանա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխելու հնարավորություն: