Կոմիտասի հարուստ ժառանգությունը բացահայտելու նոր հնարավորություն
Կոմիտասի ահռելի ժառանգությունը բացահայտող նոր, եզակի նախագծով է ներկայանում Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով ցուցադրությունը թիմային հսկայածավալ աշխատանքի արդյունք է, որը թանգարանն իրականացրել է Գրականության և արվեստի թանգարանի հետ գործակցությամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում։ Գրականության և արվեստի թանգարանի կոմիտասյան ֆոնդում պահվող արխիվային նյութերը հայտնությունների մի ամբողջ շարք են մատուցում հանրությանը:
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն մասնագիտական հսկայական գրականություն, Կոմիտասի ձեռագիր նշումներով գրքեր, հայ և օտար հեղինակների ընծայագրած գրքեր, տարբեր ժողովուրդների երգերի ժողովածուներ, ինչպես նաև հայ և օտարալեզու մամուլում տպագրված Կոմիտասի հոդվածները: Սա դեռ ամբողջը չէ, ցուցադրությունը ներկայացնում է Կոմիտասի վերականգնված գրադարանը: Ցուցադրության հայեցակարգի հիմքում գրադարան-ընթերցասրահի գաղափարն է:
Մեծ երգահանի անձնական գրադարանն այս դեպքում Կոմիտաս գեղագետի բացահայտման որակապես նոր հնարավորություն է, որը բացի ճանաչողական մեծ հետաքրքրությունից, գիտական հետազոտությունների նոր հնարավորություն է:
Ցուցադրության մասն է նաև ընթերցասրահը, այցելուն կարող է ծանոթանալ Կոմիտասի մասին գրականությանը, իսկ մասնագետները կարող են նաև օգտվել Կոմիտասի գրադարանից: Ցուցադրության ձևավորողների թիմը բավարարված է աշխատանքի արդյունքով:
Ժամանակավոր ցուցադրությամբ Կոմիտասը ներկայանում է նոր՝ եվրոպական համատեքստում, երբ մեր երաժշտական հանճարի գրադարանն ամբողջացնում է մեզ հայտնի ու անհայտ Կոմիտասի կերպարը՝ նորովի բացահայտելով նրա երաժշտական գեղագիտությունը, նախասիրություններն ու նորարարական գաղափարները: