Հայաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը
Հայտնի են Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիման, որն անցկացրած 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Լիման առաջ է անցել «Նոայի» և «Փյունիկի» դարպասապահներ Գրիգորի Մաթևոսյանից ու Ստանիսլավ Բուչնևից, ինչպես նաև՝ «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանից։
Ամսվա լավագույն մարզիչը «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է, ում գլխավորությամբ երևանյան ակումբն անցկացրած 3 խաղից հաղթել է 2-ում և գրանցել 1 ոչ-ոքի։ Մելիքյանը ձայների հաշվարկում շրջանցել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին, որը լավագույնն էր օգոստոս ամսին, և «Նոայի» գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանին։
Լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույն մարզչի և ֆուտբոլիստի մրցանակները կհանձնվեն Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցանակակիրների թիմերի առաջիկա տնային հանդիպումներից առաջ: