Իրանի ԱԳ նախարարը մտադիր է Լավրովի հետ Մոսկվայում քննարկել Կովկասում տիրող իրավիճակը
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա ժամանելուց հետո հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ծրագրված հանդիպմանը քննարկել իրավիճակը Կովկասում: Իրանցի դիվանագետի խոսքը երեքշաբթի մեջբերում է IRNA գործակալությունը։
«Լավրովի հետ հանդիպման ընթացքում մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,- հայտարարել է նա:
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»:
Աբդոլլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին մի շարք քննադատական հայտարարությունների և ադրբեջանական սահմանի մոտ իրանական ԶՈՒ զորավարժությունների մեկնարկի ֆոնին:
Թեհրանը մանևրները բացատրում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի ուժերի առկայությամբ։ Բաքուն իր հերթին մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է իրանական բեռնատարների՝ Լեռնային Ղարաբաղ անօրինական մուտքի մասին։
Աբդոլլահիանի և Լավրովի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 6-ին։
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։