Թուրքիայում PKK զինյալների թիվը նվազել է․ Թուրքիայի ՆԳՆ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների թիվը նվազել է մինչև 181 հոգի: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին թուրք նախարարը հայտնել է ոստիկանության դպրոցի շրջանավարտների երդման արարողության ընթացքում ելույթ ունենալիս:
Թուրքիայում PKK-ի դեմ պայքարի արդյունավետությունն ընդգծելու համար Սոյլուն նշել է, որ Հաքքարիում մարդիկ արդեն կարողանում ձմեռային արձակուրդներ անցկացնել, իսկ Փուլումուրի սարահարթում պիկնիկներ կազմակերպել, քանի որ այդ շրջաններն ամբողջությամբ մաքրվել են «ահաբեկիչներից»:
Ելույթի ընթացքում Սոյլուն ընդգծել է, որ Թուրքիան այսօր շատ ավելի հզոր է, քան նախկինում: Որպես ասվածի օրինակ՝ նա նշել է, որ նախկինում Թուրքիային հնարավոր էր վախեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյաներով կամ էլ էմբարգոներով, մինչդեռ այսօր Թուրքիայի անվտանգային օրակարգը տարածվում է Սիրիայից մինչև Աֆղանստան, Լիբիայից մինչև Իրաք ու Արևելյան Միջերկրական:
Ըստ Սոյլուի՝ Թուրքիան այժմ կարիք չունի ինչ-որ մեկից թույլտվություն ստանալ, որպեսզի ունենա սեփական արտադրության ԱԹՍ-ներ ու ուղղաթիռներ: