«Կաղամարների խաղը» սերիալն աշխարհի 90 երկրում գլխավորել է Netflix-ի թոփը
Հարավկորեական «Կաղամարների խաղը» սերիալը գլխավորել է Netflix սթրիմինգային ծառայության թոփն աշխարհի 90 երկրում, հայտնում է Vulture-ը։
Ռեժիսոր Հվան Դոն-Հեքի նախագիծը կարող է դառնալ հարթակի ամենահաջողված սերիալը՝ առաջ անցնելով այնպիսի հիթերից, ինչպիսիք են «Բրիջերթոնները» եւ «Վեդմակը»։ Նախագիծը ներառվել է ԱՄՆ-ում 18 ամենապահանջված շոուների ցանկում, ինչպես նաեւ դրական գնահատականներ ստացել Metacritic, Rotten Tomatoes եւ IMDb պորտալներում։
«Կաղամարների խաղ» նախագիծը պատմում է կերպարների մասին, որոնք բախվել են ֆինանսական բարդություների եւ որոշել են կղզի մեկնել՝ մասնակցելու ողջ մնալու խաղի։ 40 միլիոն դոլար շահելու համար հարկավոր է վեց մանկական խաղեր անցնել։ Միայն թե բոլոր պարտվողներն անխուսափելիորեն մահանում են։