Ռոբերտ Լեւանդովսկին պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ
Լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ, թեեւ ամռանը մի քանի առաջատար անգլիական ակումբներ մտադիր էին ձեռք բերել նրան, հաղորդում է Fichajes-ը։ «Բավարիան» պահանջել էր 110-120 միլիոն եվրո՝ կանխելով Լեւանդովսկու հնարավոր տեղափոխությունը։
Անցած մրցաշրջանում Լեւանդովսկին բոլոր մրցաշարերում «Բավարիայի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել 48 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն խփել է 13 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։