Ալիևն Իրանին ասել է, որ Ադրբեջանի հասցեին հնչած «անհիմն» մեղադրանքներն անպատասխան չեն մնա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մերժում է ադրբեջանա-իրանական պետական սահմանին Իսրայելի ներկայության վերաբերյալ իրանցի պաշտոնյաների մեղադրանքները՝ դրանք «անհիմն» որակելով, գրում է haqqin.az-ը:
«Ցավոք, իրանցի պաշտոնյաները սկսել են մեր հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնել: Իբր Ադրբեջանն այս տարածաշրջան է բերել Իսրայելին: Թող նրանք բացեն իրենց աչքերը և տեսնեն: Այստեղ որտե՞ղ են նրանք տեսել Իսրայելին», - երկուշաբթի ասել է Ալիևը՝ Իրանին սահմանակից Ջրականի շրջանում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ մերժում է Թեհրանի այս բոլոր հայտարարությունները և պահանջում ապացույցներ ներկայացնել:
«Ապացույցներ կա՞ն: Ոչ: Եթե ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին անհիմն զրպարտություն անել մեր դեմ», - ասել է Ալիևը՝ շեշտելով, որ Ադրբեջանի հասցեին հնչած «անհիմն» մեղադրանքներն անպատասխան չեն մնա:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն», - ասել էր Ամիրաբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպմանը:
Նա կրկնել էր, որ երկրներն իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել իրենց տարածքներում`պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը: