Թեհրան․ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունները լավագույն պայմաններում են անցնում
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունները հնարավորինս լավագույն պայմաններում են անցնում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ հավելելով, որ երկու կողմերն էլ Բաղդադում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել եւ անընդհատ հաղորդագրություններ են փոխանակել, փոխանցում է Mehr-ը:
«Մենք փորձում ենք կոնսենսուսի շրջանակներում հասնել կայուն հարաբերությունների սկիզբի»,- հավելել է ներկայացուցիչը:
Նա նաեւ հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը Թեհրան է այցելել թագավորության դեսպանատունը բացելու համար՝ ասելով, որ Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ քաղաքական եւ դիվանագիտական բանակցությունները կընթանան համապատասխան ուղիներով:
«Բանակցություններն ընթանում են Բաղդադում: Հիմնական ուշադրությունը դարձվում է երկկողմ հարաբերություններին, չնայած քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր, որոնք եւս մեկ անգամ կքննարկվեն»,- ասել է Խաթիբզադեն:
Անցյալ շաբաթ Իրաքում Իրանի դեսպանը ողջունել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունների առաջընթացը` բացահայտելով Բաղդադում բանակցությունների չորրորդ փուլի ծրագրերը:
«Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններն առաջ են ընթանում»,- ասել է Իրաջ Մասջեդին:
Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ դիվանագիտական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2016 թվականի հունվարին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց շիա հոգեւորական շեյխ Նիմր ալ-Նիմրը, սաուդյան միապետության բացահայտ քննադատը: Հետագայում Էր Ռիադը խզեց հարաբերությունները Թեհրանի հետ՝ պատասխանելով Իրանի մայրաքաղաքում իր դեսպանատան վրա զայրացած ցուցարարների հարձակումներին: