«Եթե մեր դեմ որևէ սադրանք լինի, հայտարարություն կամ գործողություն, մենք կջարդենք ձեր գլուխը». Ալիևը դարձյալ հանդես է եկել սպառնալից հայտարարությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա է գտնվել Մարտակերտի շրջանի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքում դրոշի բարձրացման արարողությանը, որի ժամանակ ելույթ ունենալով Հայաստանին կոչ է արել հրաժարվել վրեժի փորձերից:
«Դիմում եմ նրանց Հայաստանում, ովքեր ապրում են վրեժխնդրության զգացմունքներով: Երկաթյա բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի անհետացել: Մի նյարդայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ձեզ լավ պահեք, կկարողանաք հանգիստ ապրել: Իսկ եթե մեր դեմ կրկին որևէ սադրանք լինի, հայտարարություն կամ գործողություն, մենք կջարդենք ձեր գլուխը՝ ոչ ոքի չնայելով: Ոչ ոք չի կարողանա ձեզ պաշտպանել»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը ելույթ ունենալով Թարթառի շրջանի Մատաղիս գյուղում: